ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներին

21 փետրվարի, 2022

Փետրվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ Անդրիուս Կուբիլիուսին և Մակա Բոտչորիշվիլիին: Հանդիպմանը մասնակցում էր նաև «Եվրանեսթ» խորհրդարական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման դինամիկայի առնչությամբ՝ այդ համատեքստում բարձր գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերը։ Արարատ Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին՝ Հայաստանի համար մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ համապատասխան բանաձևերով իր սկզբունքային դիրքորոշումն արտահայտելու համար։ Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահները բարձր են գնահատել վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Երկուստեք կարևորվել է բազում մարտահրավերների պայմաններում 2021թ. հունիսին Հայաստանում ազատ ու թափանցիկ արտահերթ ընտրությունների անցկացումը:

ՀՀ ԱԳ նախարարն ու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի։

Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի շարունակական խախտման և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը չկատարելու անթույլատրելիությունը։

Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ և տևական կարգավորման նպատակով բանակցային գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Տպել էջը