«Իմ ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում» տեսաձայնագրված ելույթ-շարադրությունների մրցույթի հրավեր

09 դեկտեմբերի, 2021

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվում է «Ցեղասպանության կանխարգելում» թեմայով տեսաձայնագրված ելույթների մրցույթ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է տեսաձայնագրել ելույթ` նվիրված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին միջազգային կոնվենցիայի ընդունմանը և կիրարկմանը: Ելույթների գնահատման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվելու ելույթի ձևին, մրցույթի մասնակցի հռետորական հմտություններին:

Տեսաձայնագրության համար կարելի է օգտագործել ինչպես սեփական շարադրանքը, այնպես էլ՝ ցեղասպանության հանցագործության կանխարգելմանը և պատժելուն նվիրված միջոցառումների ընթացքում տարբեր քաղաքական գործիչների, դիվանագետների, փորձագետների կողմից հնչեցված ելույթներ։

Բովանդակություն

Ելույթում պետք է անդրադարձ կատարվի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի ընդունման պահից առ այսօր աշխարհում տեղի ունեցած ցեղասպանություններին և ընթացող ցեղասպան դրսևորումներ ունեցող գործողություններին, դրանց դրդապատճառներին, հետևանքներին, կանխարգելմանն ուղղված միջազգային կառույցների գործողություններին և թերացումներին, թերացումների պատճառներին ու դրանց վերացման ճանապարհներին:

 Մրցույթի պայմանները․

  • Մրցույթին կարող են մասնակցել 20-25 տարեկան Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները:
  • «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով ելույթի տևողությունը պետք է լինի 5-7 րոպե: Նշված տևողությունը գերազանցող ելույթները չեն դիտարկվի:
  • Ելույթները պետք է լինեն հայերեն լեզվով: Այլ լեզուներով ուղարկված ելույթները չեն դիտարկվի:
  • Մրցույթը մեկնարկում է հայտարարության հրապարակման պահից։ Ելույթ-շարադրությունների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. փետրվարի 11-ը (ներառյալ): Հաղթողի անունը կհրապարակվի փետրվարի 25-ին:
  • Ելույթ-շարադրությունները պետք է ուղարկել humanrights@mfa.am հասցեին` թեմա (subject) բաժնում նշելով «Ցեղասպանության կանխարգելում»։
  • Ելույթ-շարադրության հետ մասնակիցները պետք է ուղարկեն նաև անձնագրի էլեկտրոնային պատճենը և հեռախոսահամար: Առանց անձնագրի պատճենի և հեռախոսահամարի ուղարկված շարադրությունները չեն դիտարկվի:
  • Մրցույթի արդյունքներով առաջին և երկրորդ հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները կստանան ՀՀ ԱԳՆ-ում երկամսյա պրակտիկա անցնելու հնարավորություն:
  • Երրորդ, չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին կտրվեն հուշանվերներ:
  • Մրցույթի հաղթողներին կորոշի ՀՀ ԱԳՆ-ի և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներից կազմված համատեղ ժյուրին:

 

Տպել էջը