Ռուանդայի Հանրապետության դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

24 նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կամանզի Մուշիո Ֆրանկը (նստավայրը՝ Մոսկվա)՝ իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին:

Նախարարի տեղակալը շնորհավորեց դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դեսպանն իր նպաստը կբերի հայ-ռուանդական հարաբերությունների խորացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Կամանզին նշեց, որ իր գործունեության ընթացքում կներդնի առավելագույն ջանքեր՝ երկու երկրների միջև համագործակցությանը նոր լիցք հաղորդելու նպատակով։

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն, այդ թվում՝ իրավապայմանագրային դաշտի ձևավորմանն ու առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր։ Ընդգծվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համատեղ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ցեղասպանությունների կանխարգելման խնդրի առաջմղման ուղղությամբ: 

Տպել էջը