Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների մասին հակիրճ տեղեկանք

26 հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 27-28 պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան: Նա մասնակցելու է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը: 

Երկկողմ հարաբերություններ 

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթն ամրագրվել է 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում հայ հավատացյալներին նվիրված պատարագին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից արված Հայոց ցեղասպանության մասին միանշանակ հայտարարությամբ: 

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանն է  Կարեն Նազարյանը (2018թ դեկտեմբերի 28-ից, նստավայրը՝ Վատիկան): Հայաստանի Հանրապետությունում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակն է արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետտենկուրը (2018թ. մարտի 1-ից, նստավայրը` Թբիլիսի)։ 

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առկա է բարձր մակարդակի ակտիվ երկխոսություն, տարիների ընթացքում տեղի են ունեցել բարձրաստիճան մի շարք փոխայցելություններ։

2001թ. սեպտեմբերի 25-27-ը Հռոմի Պապ Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Բ-ի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Հայաստան: Այցն իրականացվել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ` Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու նպատակով:

2016թ. հունիսի 24-26-ը Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը Հայաստանի Հանրապետության նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ Կաթողիկե եկեղեցու հրավերով ժամանել է Հայաստան հովվապետական այցով, որը կրել է «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսը։

2018թ. ապրիլի 5-ին տեղի է ունեցել  «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությունը Վատիկանի պարտեզներում, որին մասնակցել են ՀՀ նախագահը` Հռոմի Պապի հետ միասին։

2019թ. նոյեմբերի 9-10-ին պաշտոնական այցով ՀՀ էր այցելել Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերը, որը հանդիպել է ՀՀ նախագահին, վարչապետին և ԱԳ նախարարին։

2020թ. մայիսին 8-ին ՀՀ վարչապետի և Հռոմի Պապի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում երկուստեք ընդգծվել է խաղաղության պահպանման և ժողովուրդների միջև խաղաղության մշակույթի տարածումն ու խրախուսումը: 

2021թ․ հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահի պաշտոնական այցը Վատիկան, որի ընթացքում կայացել են հանդիպումներ Ֆրանցիսկոս Պապի, պետքարտուղար կարդինալ Պարոլինի և մյուս բարձրաստիճան պաշտոնատարների հետ։

Պարբերական բնույթ են կրել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսների այցերը Վատիկան՝ այդ թվում 2020թ. սեպտեմբերին և 2021թ. hոկտեմբերին։

Տպել էջը