ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ

21 հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարևորել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը՝ որպես ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության զարգացման արդյունավետ գործիք։ Խավիեր Կոլոմինա Պիրիսը նշել է, որ Հայաստանը համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի գործընկերը:

Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություներին: Խավիեր Կոլոմինա Պիրիսը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններում Հայաստանի մասնակցության համար:

Նախարար Միրզոյանը կարևորել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացումը և այդ առնչությամբ Հայաստանի կառավարության կողմից Ազգային գործողությունների ծրագրի իրագործումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում նա շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։

Կողմերը նաև արձանագրել են վեճերի կարգավորման նպատակով ուժի չկիրառման սկզբունքի պահպանման կարևորությունը:

Տպել էջը