ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկի հետ

01 հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով։

ՀՀ ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել Չեխիայի հետ առկա քաղաքական երկխոսության և ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցությունների ձևաչափի բարձր մակարդակի կապակցությամբ:

Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի կարևորությունը՝ որպես առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ գործնական քննարկումների և անելիքների ուրվագծման համար արդյունավետ հարթակ։ Որպես համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններ առանձնացվել են վերականգնվող էներգետիկան, ֆինանսաբանկային ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը: Այս համատեքստում կարևորվել է նաև նույն օրը Երևանում հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը:

Կողմերն անդրադարձ են կատարել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն ձևաչափում առկա համագործակցությանը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Արևելյան գործընկերությունը կարևոր ձևաչափ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում, և անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ ԱլԳ ներառականության, հավասարության և ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության առավել ամրապնդման ուղղությամբ։

Տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի համատեքստում մտքեր են փոխանակվել ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի և հումանիտար հարցերի վերաբերյալ։ Արարատ Միրզոյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների խնդրին՝ ընդգծելով նրանց շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը․ այն է՝ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին։

Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Յակուբ Կուլհանեկը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։

Նույն օրն առավոտյան Չեխիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին:

 

Տպել էջը