ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ֆրանսիական պատվիրակության հետ

13 սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին և Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի փոխտնօրեն Սիլվեն Գիյոգեին:

Հանդիպման առանցքային թեման էր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի լայն շրջանակը:

Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի համանախագահի ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ շեշտելով նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Զրուցակցիներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս համատեքստում նախարար Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը սատարում է 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններում հնչեցված դիրքորոշումը, մասնավորապես՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։

Տպել էջը