ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումները Ժնևում տեղակայված ՄԱԿ կառույցների և Կարմիր խաչի ղեկավարների հետ

27 մայիսի, 2021

Մայիսի 27-ին Ժնև այցելեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպումներ ունեցավ ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի, ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Միշել Բաչելետի, ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի հետ: 

Արտակ Ապիտոնյանը զրուցակիցներին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները, ներառյալ՝ հայ գերիների ու հայկական մշակութային ժառանգության խնդիրները: Արտակ Ապիտոնյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրեց նաև վերջին շրջանում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի իրականացրած ոտնձգությունների վրա, որոնց արդյունքում արդեն արձանագրվել է մարդկային զոհ:

ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ հանդիպման ժամանակ կողմերը կարևորեցին Հայաստանի և Բարձր հանձնակատարի գրասենյակի միջև սերտ համագործակցությունը: Հայկական կողմն ընդգծեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում հազարավոր բռնի տեղահանվածներին անհապաղ աջակցության և իրենց հայրենի օջախներ անվտանգ վերադարձն ապահովելու խնդիրները՝ միջազգային իրավունքի, ինչպես նաև Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետի համաձայն: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց Արցախ միջազգային կազմակերպությունների անհապաղ և անխոչընդոտ հումանիտար առաքելության իրականացման կարևորությունը՝ մատնանշելով այն վիժեցնելու ուղղությամբ պաշտոնական Բաքվի անընդունելի շահարկումները, որոնց արդեն հրապարակավ անդրադարձել են ՄԱԿ պաշտոնյաները: Զրուցակիցները քննարկեցին բռնի տեղահանվածներին աջակցության տրամադրման հնարավորությունները։ 

ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով Բարձր հանձնակատար Միշել Բաչելետի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի գործունեությանը, մի շարք ոլորտներում, այդ թվում նաև՝ ցեղասպանության հանցագործության կանխարգելման պայքարում ՀՀ նախաձեռնություններին: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրեց Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, բնիկ հայկական կրոնական և մշակութային ժառանգության խեղաթյուրումն և ոչնչացումը, այդ երկրի հայատյաց քաղաքականությանը, ինչպես նաև Ադրբեջանում հայ ռազմագերիների ու պատանդների խնդիրը և շնորհակալություն հայտնեց Բարձր հանձնակատարի և ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի շարունակական ներգրավվածության համար: 

ՀՀ պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ: Նախարարի տեղակալն ընդգծեց, որ համավարակի ընթացքում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը և շարունակվող ռազմատենչ քաղաքականությունը հանգեցրել են հազարավոր զոհերի, ավերածությունների և տարածաշրջանային անվտանգության լրջագույն մարտահրավերներ առաջացրել: Զրուցակիցները քննարկեցին նաև ՄԱԿ Ժնևի գրասենյակի մի շարք ոլորտային մարմիններում ՀՀ գործունեությանը վերաբերող հարցեր: 

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ: Կարևորելով Արցախում ու Հայաստանում ԿԽՄԿ ծավալած գործունեությունը՝ կողմերը քննարկեցին Լեռնային Ղարաբաղում պատերազմի արդյունքում գերեվարված անձանց կարգավիճակի, և միջազգային հումանիտար իրավունքրի նորմերի համաձայն նրանց շահերի ու իրավունքների պաշտպանության ու անհապաղ ազատ արձակման ու հայրենադարձման խնդիրները: Հայկական կողմը շեշտեց, որ Ադրբեջանը չի կատարում իր իսկ ստանձնած պարտավորությունները՝ գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց հարցը դարձնելով քաղաքական շահարկումների, ապատեղեկատվության և շանտաժի առարկա: Հայաստանը հետևողական է լինելու Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց նկատմամբ միջազգային իրավունքի կոպիտ խախտումների, այդ թվում՝ սպանությունների, կտտանքների, ներկայումս շարունակվող բռնաճնշումների և շինծու մեղադրանքների դեմ պայքարում՝ դրանք ներկայացնելով միջազգային քաղաքական և իրավական բոլոր համապատասխան ատյաններում: Անդրադարձ կատարվեց զոհվածների մարմինների ու անհետ կորածների որոնումներին առնչվող հարցերին։ Քննարկվեցին արցախահայությանը մարդասիրական օգնության տրամադրման խնդիրները։ 

 

 

Տպել էջը