Կայացավ «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը

24 ապրիլի, 2021

Ապրիլի 24-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որը կազմակերպվել է ԱԳՆ-ին կից գործող Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի կողմից։

Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի և ՀՀ կառավարության անդամներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակություններ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և այլոք:

Ցուցահանդեսին ներկայացված են Արցախի պատմամշակութային, կրոնական ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկարներ, Շուշիում տպագրված գրքեր, Արցախում ստեղծված ձեռագրեր և գորգեր։

Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ նշելով, որ 106 տարի առաջ տեղի ունեցած հայ բնակչության կանխամտածված Ցեղասպանությունը սկիզբ դրեց նաև մշակութային ցեղասպանության։ «2020 թվականին ՝ Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց, մենք կրկին առերեսվեցինք նույն տրամաբանությամբ և մեթոդներով ծրագրված և իրականացվող արհավիրքի: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում և դրա հետևանքով հայ ժողովրդի մի հատվածը հայտնվեց բնաջնջման, հայրենազրկման, իսկ նրա մշակութային ժառանգությունը՝ ամբողջական ոչնչացման վտանգի առջև:

Ուստի, այսօր մեզ համար խիստ հրատապ է դարձել Արցախում Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հազարավոր մշակութային, այդ թվում՝ կրոնական հուշարձանները փրկելու խնդիրը, մանավանդ՝ որ արդեն կան ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորված մշակութային կոթողներ, ինչպես օրինակ` Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին և Կանաչ ժամը»։

Ցուցահանդեսը կգործի ապրիլի 25-ից մինչև մայիսի 2-ը՝ ներառյալ, մուտքն ազատ է, աշխատանքային ժամերը 11:00-ից 17:00 (մուտքը՝ Երևանի պատմության թանգարանի կողմից)։

Տպել էջը