ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Իսլանդիայի Հանրապետության դեսպանին

24 մարտի, 2021

Մարտի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Աուրնի Տոր Սիգուրդսոնին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Շնորհավորելով Աուրնի Տոր Սիգուրդսոնին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իսլանդական երկկողմ փոխգործակցությանը` այդ համատեքստում մասնավորապես ընդգծելով քաղաքական երկխոսությունների մեկնարկի կարևորությունը:

Կողմերն անդրադարձ կատարեցին ԼՂ հակամարտությանը՝ կարևորելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը։ Երկուստեք կարևորվեց ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծումը և հումանիտար իրավիճակի կարգավորումը։

Զրուցակիցները վերահաստատեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամությունը: Մտքեր փոխանակվեցին էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության շուրջ:

 

Տպել էջը