ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Ֆինլանդիայի Հանրապետության դեսպանին

11 մարտի, 2021

Մարտի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիրսթի Նարինենին (նստավայրը՝ Հելսինկի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորեց Կիրսթի Նարինենին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ֆիննական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը և տարբեր մակարդակներում առկա երկխոսության առավել ակտիվացմանը:

Զրուցակիցները վերահաստատեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամությունը:

Կողմերը անդրադարձ կատարեցին ԼՂ հակամարտությանը՝ կարևորելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը։ Երկուստեք կարևորվեց ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծումը և հումանիտար իրավիճակի կարգավորումը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի, բազմաոլորտ համագործակցության, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ:

Տպել էջը