Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

08 դեկտեմբերի, 2020

Ռուսաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 7-ին հանդիպում ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Հանդիպումը մեկնարկեց տետ-ա-տետ ձևաչափով, այնուհետև շարունակվեց ընդլայնված կազմով` պատվիրակությունների մասնակցությամբ:

ՌԴ ԱԳ նախարարը ողջունեց նախարար Այվազյանին Մոսկվա կատարած իր առաջին այցի առիթով: Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ իր առաջին օտարերկրյա այցի հենց Մոսկվա կատարելու հանգամանքը վկայում է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բացառիկ բնույթի մասին:

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանգմանալից քննարկեցին հայ֊ռուսական դաշնակցային հարաբերությունները, տարածաշրջանում խաղաղության և անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակը: Երկուստեք կարևորվեց նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև փոխգործակցության ամրապնդումը:

«Պատրաստ ենք դաշնակցային գործակցության հունի մեջ դիտարկել երկկողմ հարաբերությունների կարևոր ասպեկտները՝ քաղաքական, պաշտպանական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև քննարկել բազմակողմ օրակարգը ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում արտաքին քաղաքականության համակարգման հարցերը, միջազգային այլ հարցեր»,- նշեց նախարար Արա Այվազյանը: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին ՀՀ և ՌԴ արտգործնախարարությունների միջև 2020-2021թթ․ խորհրդատվությունների ծրագրի կատարման վերաբերյալ։

Բանակցությունների կենտրոնում էին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում նախարար Այվազյանն իր գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև դիերի փոխանակման, անհայտ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտման հրատապությանը։ «Մենք պատրաստակամ ենք պատշաճ ուշադրություն հատկացնել այնպիսի հարցերին, ինչպիսիք են ռուս խաղաղապահների գործունեությունը, փախստականների վերադարձի համար պայմանների ստեղծումը, բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելուն ուղղված հետագա քայլերը, լոգիստիկ հարցերը, այդ թվում՝ ենթակառուցվածքների վերականգնման համատեքստում և այլն», - իր խոսքում նշեց ՀՀ ԱԳ նախարարը

Տարածաշրջանային անվտանգության համատեքստում՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում միջազգային ահաբեկչության կենտրոն ձևավորելու քաղաքականությունը սպառնալիք են ոչ միայն այս տարածաշրջանում, այլ նաև հարևան տարածաշրջաններում անվտանգությանն ու կայունությանը:

Հանդիպման ավարտին Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։

Տպել էջը