ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանի ունեցած հեռախոսազրույցների վերաբերյալ

27 սեպտեմբերի, 2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պարբերական կապի մեջ է գտնվում իր միջազգային գործընկերների հետ՝ նրանց իրազեկելով շփման գծում տիրող իրադրության վերաբերյալ: 

Սեպտեմբերի 27-ին նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի և Հունաստաի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի, Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսի, Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի և Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնի հետ:

ԱԳ նախարարը հանգամանալից ներկայացրել է շփման գծի երկայնքով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և Ադրբեջանի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների օգտագործմամբ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքի դիտավորյալ թիրախավորման վերաբերյալ տեղեկատվությունը: 

Զոհրաբ Մնացականյանը գործընկերների հետ ունեցած հեռախոսազրույցներում շեշտել է, որ Ադրբեջանի ղեկավարությունն է կրում տարածաշրջանում անվտանգության խաթարման և ապակայունացման ողջ պատասխանատվությունը, և ընդգծել է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կարևորությունը: Նախարար Մնացականյանը խորին մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիային Թուրքիայի դիրքորոշման և անվերապահ աջակցության առնչությամբ: 

 

Տպել էջը