ՀՀ անկախության 29-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների վերաբերյալ

22 սեպտեմբերի, 2020

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ։ 

Սեպտեմբերի 18-ին Լիտվայում ՀՀ դեսպանության և Վիլնյուսում ՀՀ պատվավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Լիտվայի ազգային օպերայի և բալետի համերգասրահում կայացավ համերգ և ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության հռչակագրի 30-ամյակին, ՀՀ անկախության 29-ամյակին և հայ-լիտվական բարեկամությանը: Հյուրերի թվում էին Լիտվայի առողջապահության նախարար Աուրելյուս Վերիգան, Վիլնյուսի արքեպիսկոպոս Գինտարաս Գրուշասը, ԱԳՆ բարձրաստիճան աշխատակիցներ, Լիտվայում հավատարմագրված դիվանագետներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Սեպտեմբերի 21-ին Լատվիայի Ռունդալե պալատի հայտնի Սպիտակ սրահում բրյուսելյան Ախթամար քառյակի կատարմամբ տեղի ունեցավ համերգ, որին հաջորդեց ընդունելություն։

Սեպտեմբերի 21-ին Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը Վիետնամի պետական հեռուստատեսության առաջին ալիքով հանդես եկավ  Անկախության տոնին նվիրված ուղերձով: Նույն օրը Հանոյում կայացավ նաև Վիետնամում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությունը, որին մասնակցում էին Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի անդամները՝ խմբի նախագահ Նգույեն Վան Թուանի գլխավորությամբ, ինչպես նաև՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր Անկախության 29-ամյակին նվիրված ընդունելություն։ Միջոցառմանը մասնակցում էին Եվրոպայի խորհրդում աշխատող հայազգի պաշտոնյաներ և Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներ։ 

Ուկրաինայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ սեպտեմբերի 21-ի երեկոյան ՀՀ պետական դրոշի գույներով է լուսավորվել Կիևի կենտրոնում գտնվող «Jack House» շենքը։ Մի շարք միջոցառումներ են կազմակերպվել մայրաքաղաքում և մարզերում. բացօթյա միջոցառում է անցկացրել Պոլտավայի մարզի «Ուրարտու-Վանք» հայկական ՀԿ-ն, Կիևի հայ համայնքի կանանց կազմակերպությունը Սալոմե Ենգիբարյանի ղեկավարությամբ, կազմակերպել էր առցանց համերգ, Կիևի միջազգային համալսարանում ԱՕԿՍ-Ուկրաինա կազմակերպության ղեկավար Ելենա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված մշտական ցուցահանդեսը։ Ուկրաինայում բնակվող հայրենակիցներին ուղղված տեսաուղերձով հանդես է եկել Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Անկախության 29-ամյակի կապակցությամբ տեսաուղերձով հանդես եկավ Բրազիլիայում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը։ Նույն օրը Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոս Քավիչ արձանի վրա լուսարձակվեց Հայաստանի պատմությունն ու մշակույթը ներկայացնող տեսաշար։

Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն: Բացման խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վազգեն Սարգսյանը։ Շնորհավորական ուղերձներով հանդես եկան նաև ՀՀ ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի Հյուսիսարևմտյան տարածաշրջանի առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Պողոս աբեղա Վարդանյանը, հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը։

Սեպտեմբերի 20-ին Դամասկոսի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Անկախության 29-րդ տարեդարձին նվիրված պատարագ, որին մասնակցել են Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, դեսպանության անձնակազմը, ազգային իշխանության, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: 

Սեպտեմբերի 21-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ Անկախության տոնին նվիրված ընդունելություն, որի ընթացքում ելույթով հանդես եկավ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը։ 

 

Տպել էջը