ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մասնակցեց Փախստականների համաշխարհային օրվան նվիրված առցանց քննարկմանը

21 հունիսի, 2020

Հունիսի 20-ին տեղի ունեցավ Փախստականների համաշխարհային օրվան նվիրված «Յուրաքանչյուր գործողություն կարևոր է. Փախստականների իրավունքների արդյունավետ և հարատև պաշտպանությունը Հայաստանում» խորագրով առցանց համաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության, ՄԱԿ-ի փախստականների գործակալության Հայաստանի գրասենյակի և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հկ-ի համատեղ ջանքերով: 

Համաժողովը մեկնարկեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի տեսաուղերձներով: 

Բացման ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ Շոմբի Շարփը, ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը, Միգրացիոն ծառայության պետք Արմեն Ղազարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արմանը Թաթոյանը, ՄԶՄԿ նախագահ Թևան Պողոսյանը։ 

Միջոցառմանը մասնակցեց և համապարփակ ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ով, մասնավորապես նշել է. «Հայաստանի կառավարությունը բազմիցս է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել կոնֆլիկտային գոտիներում բնակվող ազգաբնակչության խոցելիության հանգամանքի վրա՝ կոչ անելով ապահովել վերջիններիս պաշտպանվածությունը միջազգային իրավունքի, առաջին հերթին մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը: Մարդասիրական ծրագրերի իրականացումը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված բնակչության հրատապ հումանիտար օժանդակության ցուցաբերումը պետք է իրականացվեն անկախ որևէ հանգամանքից, այդ թվում տարածքի կարգավիճակից: Իմ այս խոսքերն արդիական են նաև մեր այսօրվա համատեքստում, երբ մարդկությունը համախմբվել է COVID-19 համավարակի դեմ պայքարում:

Ցայսօր մտահոգիչ է մնում Արցախում առկա ավելի քան 30 հազար փախստականների և ներքին տեղահանվածների անտեսվածության հարցը, նրանք զրկված են արտաքին օգնությունից և միջազգային պաշտպանությունից: Դա տարօրինակ է հատկապես ՄԱԿ-ի և, մասնավորապես, ՄԱԿ-ի ՓԲՀԳ-ի պարագայում, որն իր մանդատով լիազորված է, առանց հակամարտությունների առումով քաղաքական լուծումների սպասելու, օժանդակություն ցուցաբերելու փախստականներին: Կարծում ենք, որ սա այն խնդիրն է, երբ կազմակերպությունը պետք է իրականացնի իր մարդասիրական մանդատը՝ տեղիք չտալով այս խնդրի առաջացման համար պատասխանատու պետության կողմից իրականացվող ճնշումներին»:

Տպել էջը