Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ

06 մայիսի, 2020

Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ:

ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրմանն ուղղված քայլերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր բելառուս գործընկերոջը ներկայացրեց ՀՀ Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերն ու միջոցառումներն՝ ուղղված համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարմանը: 

Երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց Հայաստանի և Բելառուսի քաղաքացիների՝ Հայրենիք վերադարձի կազմակերպման և նրանց առջև ծառացած մարտահրավերների արդյունավետ հասցեագրման գործում երկու երկրների ԱԳՆ տարբեր օղակների միջև հաստատված սերտ համագործակցությունը: 

Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգային հարցերի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով շարունակել կառուցողական երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Այդ համատեքստում կարևորվեց նաև միջխորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործումը:

ԱԳ նախարարներն անդրադարձան նաև ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում իրականացվելիք միջոցառումների մի շարք օրակարգային հարցերի:

 

Տպել էջը