ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի տեսազանգը ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ

05 մայիսի, 2020

Մայիսի 5-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ  ունեցավ ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ: Տեսազանգին մասնակցեց նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Շնորհավորելով Օլիվեր Վարհեիին հանձնակատար նշանակվելու կապակցությամբ՝ փոխվարչապետը նրան մաղթեց արդյունավետ աշխատանք իր պատասխանատու պաշտոնում՝ վստահություն հայտնելով, որ հանձնակատարի գործունեության տարիներին ՀՀ-ԵՄ սերտ գործընկերությունը էլ ավելի կխորանա։

Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին Հայաստանի համար այս բարդ ժամանակաշրջանում աջակցություն ցուցաբերելու համար: Նա անդրադարձավ Հայաստանում համաճարակաբանական իրավիճակին և տեղաշարժի և տնտեսական գործունեության նկատմամբ գործող սահմանափակումների աստիճանական վերացմանը: Մհեր Գրիգորյանը ԵՄ հանձնակատարին ներկայացրեց նաև նոր տիպի կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով Կառավարության կողմից մշակված աջակցության 16 ծրագրերի բովանդակությունը: Փոխվարչապետը նշեց, որ Կառավարության և Հայաստանում ԵՄ պատվիրակության միջև շարունակվում է ամենօրյա աշխատանքը՝ հստակեցնելու համատեղ գործողությունները ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքելու նպատակով:

Մհեր Գրիգորյանը գոհունակությամբ ընդգծեց, որ այս բարդ իրավիճակում հնարավոր եղավ ապահովել ՀՀ-ԵՄ համատեղ օրակարգի առանցքային ուղղություններում իրականացվող ծրագրերի շարունակականությունը, այդ թվում՝ դատաիրավական և ոստիկանության բարեփոխումների, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով:

ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին իր հերթին բարձր գնահատեց Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային գործողությունները և վստահեցրեց, որ ՀՀ փոխվարչապետի կողմից բարձրաձայնված համագործակցության ուղղությունները ՀՀ-ԵՄ օրակարգում կպահպանվեն որպես առաջնահերթություն: ԵՄ հանձնակատարը նշեց, որ Եվրոպական Միությունը կանգնած է իր գործընկերների կողքին նաև ճգնաժամային ժամանակներում, ինչպիսին է կորոնավիրուսային համավարակը, և ԵՄ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանին տնտեսության վերականգնման և զարգացման գործում, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի միջոցով:

Զրուցակիցներն ընդգծեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ որպես բարեփոխումների հենասյուներից մեկի ամբողջական կիրարկման կարևորությունը:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում ընդգծեց Արևելյան գործընկերության՝ որպես արժեքահեն և ներառական համագործակցության հարթակի պահպանման, ինչպես նաև ԱլԳ երկրների միջև տարածաշրջանային համագործակցությունը խրախուսելու և խթանելու առանցքային նշանակությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությանը։

Տպել էջը