Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Հունաստանի ԱԳ նախարարի հետ

15 ապրիլի, 2020

Ապրիլի 15-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ: 

Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն  անդրադարձ կատարեցին նոր տիպի կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելման և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակում ձեռնարկվող քայլերին:

Նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից իր զորակցությունը հայտնեց եղբայրական հույն ժողովրդին՝ համավարակի դեմ մղվող պայքարում:

Առանձնահատուկ ընդգծելով միջազգային համագործակցության և փոխօգնության ամրապնդման դերը գլոբալ մարտահրավերների հասցեագրման գործում՝ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները շեշտեցին Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակի կարևորությունը:

Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային հարցերի շուրջ:

Տպել էջը