ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած այցի վերաբերյալ

20 փետրվարի, 2020

Փետրվարի 19-ին Կահիրեում ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հանդիպեց Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի միջազգային քաղաքական հարցերով օգնական Խալեդ էլ Հաբասի հետ (Khaled el-Habas)։

Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և մոտեցումները։ Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի և արաբական երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև ներկայումս տեղի ունեցող դրական զարգացումները։ Կողմերը կարևորեցին ՀՀ-ԱՊԼ քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը՝ պարբերաբար քաղաքական խորհրդակցությունների անցկացման միջոցով։ Անդրադարձ կատարվեց միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և ԱՊԼ-ի միջև համագործակցությանը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Հաջորդ օրը Կահիրեում Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, եգիպտականը` ԵԱՀ ԱԳ նախարարի եվրոպական հարցերով օգնական Բադր Աբդել Աաթին (Badr Abdel Aati):

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-եգիպտական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` առևտրատնտեսական, կրթական, զբոսաշրջության, տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ակտիվացման վերաբերյալ: Զրուցակիցներն ընդգծեցին ԵԱՏՄ-ԵԱՀ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման կարևորությունը։

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առկայությունը։ Անդրադարձ կատարվեց Կահիրեում կայանալիք հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի կազմակերպմանը վերաբերող նախապատրաստական աշխատանքներին։

Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին, հատկապես ուշադրություն դարձվեց Արևելյան Միջերկրականի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Քննարկվեց նաև միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացումը:

Այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև ԵԱՀ Ներգաղթի և արտերկրում բնակվող եգիպտացիների հարցերով նախարարի, ԵԱՀ Միջազգային համագործակցության նախարարության ներկայացուցչի, ինչպես նաև հայ համայնքի հետ։

 

 

 

Տպել էջը