Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ

15 փետրվարի, 2020

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ։

ԱԳ նախարար Մնացականյանը շնորհավորեց տիկին Լայային նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ այդ կարևոր և պատասխանատու առաքելության մեջ։ 

Հայաստանի և Իսպանիայի ԱԳՆ ղեկավարներն ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունն առավել ամրապնդելու և հարստացնելու հայ-իսպանական բարիդրացիական հարաբերությունների օրակարգը, որի համար ամուր հիմք են հանդիսանում երկու ժողովուրդների միջև պատմության խորքից եկող փոխադարձ հարգանքը և փոխըմբռնումը: Երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման առումով ընդգծվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների, տարբեր մակարդակներով փոխայցելությունների և հանդիպումների անցկացումը: 

Անդրադարձ կատարելով հայ-իսպանական համագործակցության բազմաշերտ օրակարգին՝ Զոհրաբ Մնացականյանը և Արանչա Գոնսալես Լայան ընդգծեցին առկա ներուժի լիարժեք իրացումը առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գիտության ու մշակույթի բնագավառներում համագործակցության խթանման և զարգացման միջոցով:

Կողմերն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն գործընկերությանն առնչվող հարցերի՝ ընդգծելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունները կարգավորող իրավական հենքի: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց նաև Արևելյան գործընկերության ձևաչափը՝ որպես ԵՄ հետ ընդհանուր արժեքների և ամրագրված նպատակների հիման վրա բազմաբովանդակ շփումների և ազգային մակարդակով ձեռքբերումները համախմբող ամուր հարթակ: 

 

Տպել էջը