ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ

15 փետրվարի, 2020

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։

Զրուցակիցներն անդրադարձան հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա խարսխված միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: 

Նախարարներ Մնացականյանն ու Խրիստոդուլիդեսը հանգամանալից քննարկեցին 2019 թ․ հիմնված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ մեխանիզմի զարգացման հեռանկարները ու 2020 թ․ ապրիլին Երևանում նախատեսվող առաջին գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մանրամասները։

Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության հարցերին՝ այդ առնչությամբ կարևորելով ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության իրավական նոր հիմք հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ 

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ: Կողմերն ընդգծեցին տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործում միջազգային համագործակցության կարևորությունը:

Տպել էջը