ԱԳՆ գլխավոր քարտուղարի այցը Վաշինգտոն

13 դեկտեմբերի, 2019

Դեկտեմբերի 10-ից 13-ը տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի աշխատանքային այցը Վաշինգտոն, որի ընթացքում կայացան մի շարք հանդիպումներ։

Դեկտեմբերի 11-ին պետքարտուղարության ծառայության ինստիտուտի տնօրեն, դեսպան Դանիել Սմիթի հետ հանդիպման ընթացքում ԱԳՆ գլխավոր քարտուղարը ներկայացրեց ՀՀ դիվանագիտական դպրոցի ստեղծումից ի վեր վերջինիս կայացման ու զարգացման համար անցած ուղին, դպրոցի առջև դրված խնդիրներն ու հետագա ծրագրերը։ Դանիել Սմիթը ներկայացրեց պետքարտուղարության արտաքին ծառայության ինստիտուտի հիմնական առաքելությունն ու այդ նպատակի իրականացման համար ինստիտուտի կազմում գործող տարբեր դպրոցները։ Կողմերն անդրադարձան նաև երկու հաստատությունների միջև հնարավոր համագործակցությանն առնչվող հարցերի։

Դեկտեմբերի 12-ին պետքարտուղարության արտաքին ծառայության գլխավոր տնօրեն, դեսպան Քերըլ Պերեսի հետ հանդիպմանը կողմերն անդրադարձան արտաքին գերատեսչություններում դիվանագիտական կարիերային առնչվող հարցեր։

Նույն օրը հանդիպում կայացավ նաև պետքարտուղարի Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձան տարվա ընթացքում Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում գրանցված զարգացումներին՝ առանձնակի ընդգծելով մեկնարկած Ռազմավարական երկխոսությունը։

Դեկտեմբերի 12-ին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հանդիպեց պետքարտուղարության ռեսուրսների կառավարման և կառուցվածքային անալիզի գրասենյակի տնօրեն Ջեֆրի Միլլերի և անձնակազմի հարցերով տնօրեն Աիդա Մակսի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների կառուցվածքային և անձնակազմի կառավարման հարցերին։

Այցի ընթացքում ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպումներ ունեցավ նաև հայ-ամերիկյան կառույցների՝ Ամերիկայի Հայկական Համագումարի և Ամերիկայի Հայկական Ազգային Հանձնախմբի գրասենյակներում։ 

 

 

 

 

Տպել էջը