Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցության վերաբերյալ հանդիպում ԱԳՆ-ում

19 նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների համակողմանի համագործակցության հարցերի շուրջ աշխատանքային հանդիպումը, որին մասնակցեցին պետական կառավարման մարմինների գլխավոր քարտուղարները, արտաքին կապերի ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ԱԳՆ տարբեր ոլորտները համակարգող ստորաբաժանումների պետերը։

Իր բացման խոսքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնավորապես նշեց․ «Որոշմամբ սահմանվող փոխգործակցությունը  կոչված է ձևավորել համագործակցության առավել սերտ և ինստիտուցիոնալիզացված համակարգ, քանի որ մենք ներկայումս գտնվում ենք բարեփոխումների այնպիսի փուլում, երբ տարբեր գերատեսչությունների միջև փոխգործակցության մեխանիզմները պետք է հստակ ամրագրվեն և գործադրվեն՝ որպես ինստիտուցիոնալ հիշողության երաշխիքներ»։

Հանդիպման մասնակիցները համապարփակ կերպով անդրադարձան այս տարվա սեպտեմբերին Կառավարության կողմից ընդունված «Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցության կարգը և գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումների և բանակցությունների մասին ամփոփ տեղեկատվությունն արտաքին գործերի նախարարություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» որոշմանը, որը սահմանում է արտաքին քաղաքական բնագավառում պետական մարմինների փոխգործակցության և տեղեկատվության փոխանակման ընթացակարգերը և կոչված է նպաստելու միջպետական երկկողմ և բազմակողմ հարաբերություններում կառավարության առավել միասնական, ընկալելի և երկրի զարգացման համալիր տեսլական ունեցող գործընկեր լինելու կերպարի ամրապնդմանը նպաստող գործուն մեխանիզմի ներդրմանը:

ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը և ԱԳՆ համապատասխան պաշտոնատար անձինք մանրամասն ներկայացրեցին կառավարության որոշման կիրարկման մեխանիզմները և գործնական օրինակները։ Հանդիպման ընթացքում պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները քննարկեցին ԱԳՆ հետ համագործակցության հարցերը և ձեռք բերեցին մի շարք աշխատանքային պայմանավորվածություններ՝ պետական մարմինների միջև փոխգործակցությունը լավագույնս ապահովելու նպատակով։

 

Տպել էջը