Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց «Նոր քաղաքական տեսլական Արևելյան գործընկերության համար» խորագիրը կրող Բարձր մակարդակի նախարարական հանդիպում-քննարկմանը

05 նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 5-ին Ստոկհոլմ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց «Նոր քաղաքական տեսլական Արևելյան գործընկերության համար» խորագիրը կրող Բարձր մակարդակի նախարարական հանդիպում-քննարկմանը, որին մասնակցում էին Արևելյան գործընկերության վեց պետությունների ԱԳ նախարարները: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՄ ներկայացուցչության ղեկավար Կատարինա Արեսկուգ Մասքարենհասը, որին հաջորդեց Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդի բացման խոսքը:

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթով հանդես եկավ «ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» խորագիրը կրող քննարկմանը, որի բանախոսներն էին նաև Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեն, Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոն, Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը: Նախարար Մնացականյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Ես պնդում եմ, որ Արևելյան գործընկերությունը հարևանություն չէ, այլ այն Եվրոպայի արևելյան հատվածն է: Եվ հենց դրանում է կայանում Արևելյան գործընկերության կարևորությունը: Այն Եվրոպայի արևելքը չէ, այլ ընկած է Եվրոպական Միության արևելքում, իսկ Եվրոպական Միությունն ամբողջ Եվրոպան չէ»: 

Որպես կարևորագույն մարտահրավեր առանձնացնելով ընդհանուր արժեքների պահպանումը` նախարար Մնացականյանն ընդգծեց. «Մենք պետք է ընդունենք, որ առկա է մեր ընդհանուր արժեքների արժեզրկում: Այո, ես ներկայացնում եմ մի երկիր, որտեղ մեծ իրադարձություն է տեղի ունեցել՝ անցյալ տարվա թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը: Դա հնարավոր եղավ ընդհանուր արժեքներին հավատարիմ լինելու շնորհիվ: Այս 28 տարիների ընթացքում՝ սկսած Հայաստանի անկախությունից, մենք հայտարարել ենք դրա մասին: Եղել են բազմաթիվ սայթաքումներ, մենք անցել ենք բազում դժվարությունների, ողբերգության միջով, սակայն հնարավոր եղավ իրականացնել նմանօրինակ հեղափոխություն, որովհետև ձևավորվել էր համապատասխան հիմք, և եվրոպական մոդելը, եվրոպական ընդհանուր արժեքներն ընկած էին դրա առանցքում: Աստիճանաբար ձևավորվել էր մի սերունդ, որն ունակ եղավ դուրս գալու և իրականացնելու այդ հեղափոխությունը: 

Սակայն ընդհանուր արժեքները ենթարկվում են մեծ ճշնման և ոչ միայն Արևելյան գործընկերության շրջանակներում: Այն, ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, մեր հաշվետվողականությանը ժողովրդի առջև. դրանք շատ նպաստավոր են հակամարտությունների լուծման համար՝ ի տարբերություն ավտորիտար ռեժիմների: Մենք նաև պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, թե ինչ է կատարվում ընդհանուր արժեքների առումով, ինչ է տեղի ունենում Եվրոպայում: Դրա մասին պետք է շատ բաց խոսենք»:

Տպել էջը