ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց «Դրախտի դարպասը» ֆիլմի ստեղծագործական անձնակազմին

18 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հեղինակած «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմի ստեղծագործական անձնակազմին և դերասաններին: 

Ողջունելով հյուրերին և շնորհավորելով հաջողված նախագծի կապակցությամբ՝ նախարար Մնացականյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ էր նախօրեին ներկա գտնվել ֆիլմի շնորհանդեսին և այդ հիանալի երեկոյի մասնակիցը դառնալ: ԱԳ նախարարն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առանցքում մարդն է, և մարդկային այդ պատմությունը լավագույնս արտահայտված է «Դրախտի դարպասը» ֆիլմում:

Ջիվան Ավետիսյանը ներկայացրեց մի քանի երկրների ներգրավմամբ իրականացված այս նախագծի պատմությունը և այդ ճանապարհին հաղթահարված բարդությունները՝ այդ համատեքստում շնորհակալություն հայտնելով նախարար Մնացականյանին՝ ֆիլմի ստեղծման ընթացքում ԱԳՆ ցուցաբերած աջակցության համար: Մտքեր փոխանակվեցին նախագծի շրջանակներում իրականացվելիք հետագա քայլերի շուրջ։

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին կայացել էր ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին ՀՀ վարչապետը, Ազգային Ժողովի նախագահը, Հայաստանի և Արցախի արտգործնախարարները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և մի շարք այլ բարձրաստիճան հյուրեր: 

Տպել էջը