ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ

15 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ  Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող  ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: 

Կողմերն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Արտգործնախարարները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ բոլոր հնարավոր ուղղություններով խորացնելու երկու երկրների միջև բազմադարյա բարեկամության վրա հիմնված համագործակցությունը՝ նախանշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շրջանակները: 

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ հետ համագործակցության և երկխոսության շուրջ:

Հանգամանալից քննարկվեցին տարածաշրջանային իրավիճակը և խնդիրներ: Երկուստեք կարևորվեց տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության պահպանումը:

Տպել էջը