ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցները հանդիպեցին Արցախի ԱԳՆ անձնակազմին

02 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպումն Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի և ԱԳՆ անձնակազմի հետ: 

Հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ով երախտագիտություն հայտնեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ նման ձևաչափով հանդիպման անցկացման համար: «Այս միջոցառումը ևս մեկ վառ օրինակ է՝ ոչ միայն մեր երկու գերատեսչությունների միջև համագործակցության բարձր մակարդակի, այլև դրա առաջանցիկ և հետևողական ամրապնդման՝ ուղղված համահայկական կարևորության հարցերի շուրջ համակարգված քաղաքականության մշակմանը»,- նշեց նախարար Մայիլյանը: 

Շնորհակալություն հայտնելով նախարար Մայիլյանին և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության գործընկերներին՝ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների այցն Արցախ բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն անդրադարձավ Երևանում օրեր առաջ մեկնարկած համաժողովի օրակարգին և քննարկված թեմաների շրջանակին: 

Արտգործնախարարները բարձր գնահատեցին Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցային նոր ձևաչափերի հաստատումը՝ ի կատարումն արտգործնախարարությունների միջև ստորագրված խորհրդակցությունների պլանի, որով նախատեսվում է 2019-2020 թթ. անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: 

Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները և Արցախի ԱԳՆ անձնակազմը հանգամանալից անդրադարձան արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Արցախի՝ միջազգային գործընթացներում ներգրավվածության ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշման և մոտեցումների համատեքստում՝ ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծեց. «Մենք բազմիցս անդրադարձել ենք շատ էական մի հարցի, որը վերաբերում է ԼՂ սուբյեկտության ընդգծմանն ու էլ ավելի խորացմանը, բանակցությունների հանդեպ Արցախի կողմից սեփականության զգացումի  ամրապնդմանը: Մեր փաստարկման մեջ մենք սրան մոտենում ենք՝ որպես շատ գործնական հարցի, որովհետև առանց Արցախի մասնակցության և ներգրավվածության իրական գործնական առաջընթացն անիրատեսական է»:

Հանդիպման ավարտին Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան համատեղ ճեպազրույցով:

 

Տպել էջը