ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների համաժողովի մասնակիցների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Եռաբլուր զինվորական պանթեոն

29 օգոստոսի, 2019

Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նախարար Մնացականյանը ներկայացրեց համաժողովի աշխատանքների ընթացքը, անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խոսքում նշեց, որ որդեգրված արտաքին քաղաքականության սկզբունքների հիմքում ընկած են ազգային արժեքները և Հայաստանի շահերը: Նախարարն առանձնահատուկ ընդգծեց Հայոց Եկեղեցու դերը` բարձր գնահատելով այն սերտ համագործակցությունը, որ առկա է նախարարության և Մայր Աթոռի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և աշխարհասփյուռ եկեղեցական կառույցների միջև:

Համաժողովի մասնակիցներին  իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝  մաղթելով ուժ և եռանդ իրենց հայրենանվեր գործունեության մեջ։

Նույն օրը ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցները ՊՆ նախարարի ուղեկցությամբ այցելել էին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

 

Տպել էջը