Ուզբեկստանում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարին

14 օգոստոսի, 2019

Օգոստոսի 14-ին Ուզբեկստանում ՀՀ դեսպան Արամ Գրիգորյանն (նստավայրը՝ Երևան) իր հավատարմագրերը հանձնեց Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Աբդուլազիզ Քամիլովին (Abdulaziz Komilov): 

Հանձնման արարողությանը հաջորդեց դեսպան Գրիգորյանի և նախարար Քամիլովի առանձնազրույցը, որին ներկա էին նաև Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների հետ համագործակցության վարչության պետ Ռավշանբեկ Ալիմովը  (Ravshanbek Alimov), մամուլի ծառայության ղեկավար Ադիլբեկ Քայիփբերգենովը (Adilbek Kaipbergenov) և ԱՊՀ երկրների հետ համագործակցության վարչության բաժնի վարիչ Ջահանգիր Ամինովը (Jahangir Aminov):

Ողջունելով ՀՀ դեսպանին՝ նախարար Քամիլովը շնորհավորեց նրան նշանակման կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր աշխատանք: Նախարարն ընդգծեց, որ երկու երկրների միջև մշտապես առկա են եղել բարիդրացիական հարաբերություններ և հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։ 

Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ Արամ Գրիգորյանը նշեց, որ հայ-ուզբեկական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ և վերահաստատեց իր հանձնառությունն ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու հայ-ուզբեկական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:  

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվեց երկու երկրների հարաբերություններում Ուզբեկստանի հայ համայնքի կամրջող դերը։ Դեսպան Գրիգորյանը և նախարար Քամիլովը անդրադարձան նաև երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությանն ու ապակենտրոնացված համագործակցության կարևորությանը։ 

    

 

Տպել էջը