Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Վաշինգտոնում կայացած Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովին

18 հուլիսի, 2019

Հուլիսի 18-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Վաշինգտոնում անցկացվող Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովին, որին մասնակցում էին ավելի քան երկու տասնյակ պատվիրակություն նախարարների մակարդակով և քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Միջոցառման մասնակիցներին ուղղված հատուկ ուղերձով հանդես եկավ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, իսկ բացման խոսքով՝ ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Իր ելույթում նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Կրոնը ինքնության արտահայտման և  պաշտպանության ինստիտուտ է: Մեր պատմությունը դրա խոսուն վկայությունն է: Բոլոր կրոնների հանդեպ հանդուրժողականությունը և հարգանքը, քրիստոնեական ժառանգությունը, միասին ապրելու և այլ հավատքների հետ գոյակցելու երկատատև պատմությունը մեր ազգային փորձի մասն են: 

Կրոնի և հավատքի ազատությունը բացարձակ մարդկային իրավունք է, որը որևէ հանգամանքի պարագայում՝ ներառյալ հակամարտային իրավիճակներում, չի կարող վերացվել կամ սահմանափակվել»:

Ընդգծելով, որ կրոնական խմբերի դեմ զանգվածային վայրագությունների կանխարգելումը բացարձակ առաջնահերթություն է Հայաստանի համար, նախարար Մնացականյանը նշեց. «Հայաստանն ապաստան է դարձելլ կրոնական մի շարք խոցելի փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիների և ասորիների համար։ Այսօր եզդիները Հայաստանի զորեղ փոքրամասնությունն են, և մենք շատ հպարտ ենք, որ այս հինավուրց ժողովուրդն իր հայաստանյան հայրենիքում կբացի ամենամեծ տաճարը։ Աշխարհի հնագույն Քրիստոնեական եկեղեցիների և  Երևանի հիասքանչ Կապույտ Մզկիթի հետ մեկտեղ այն կխորհրդանշի հավատքի և հանդուրժողականության գեղեցկությունը»:

Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարը հանդիպեց մի շարք գործընկերների հետ:

 

Տպել էջը