ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված «Կլիմայական փոփոխությունները հաշվի առնող տնտեսությանն ուղղված ներդրումներ» խորագրով հարակից միջոցառման վերաբերյալ

15 հուլիսի, 2019

Հուլիսի 15-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության շրջանակներում ՄԱԿ կենտրոնակայանում, կազմակերպեց «Կլիմայական փոփոխությունները հաշվի առնող տնտեսությանն ուղղված ներդրումներ. էներգաարդյունավետություն և կայուն զարգացման նպատակ N13» խորագրով հարակից միջոցառում։ Միջոցառումը, որի հիմնական բանախոսը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր, կազմակերպվեց Նյու Յորքում ընթացող Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում։

Հանդիպմանը բացման խոսքով ելույթ ունեցավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: Որպես բանախոսներ հանդես եկան նաև ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԿ Զարգացման ծրագրի կառավարչի տեղակալ Միրյանա Սպոլյարիչ Էգերը, Եվրասիական Տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան, Բելառուսի ԱԳՆ բազմակողմ դիվանագիտության վարչության գլխավոր տնօրեն Լարիսա Բելսկայան, ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Կայրատ Ումարովը, Ղրղզստանի մշտական ներկայացուցիչ Միրգուլ Մոլդոիսաևան, ՌԴ մշտական մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Չումակովը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը։

Փոխվարչապետ Ավինյանն իր ելույթում անդրադարձավ էներգետիկ հատվածում համաշխարհային և տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ նշելով, որ Հայաստանն էներգաարդյունավետության հարցում շոշափելի գործնական փորձ է ձեռք բերել՝ գործարկելով նոր տեխնոլոգիաներ և նախաձեռնելով նոր ազգային ծրագրեր։ Ընդգծելով էներգաարդյունավետության կենսական նշանակությունը Հայաստանի համար՝ էներգետիկ անվտանգության ապահովման սպառնալիքներին դիմակայելու, տնտեսական աճ արձանագրելու և Փարիզյան համաձայնագրով իր հանձնառությունները կատարելու տեսանկյունից, փոխվարչապետ Ավինյանը ներկայացրեց Հայաստանի ձեռքբերումներն այդ ուղղությամբ։

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում ներկայացրեց Հայաստանում իրականացվող քայլերն՝ ուղղված էներգետիկ արդյունավետության և Հայաստանի ազգային առաջնահերթությունների հետ համատեղելուն՝ ընդգծելով այդ գործում ՀՀ կառավարության և ՄԱԶԾ համագործակցությունը։ Անդրադարձ կատարվեց էներգաարդյունավետությանն ուղղված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող տարածաշրջանային նախաձեռնություններին։

Քննարկման ավարտին բանախոսները պատասխանեցին միջոցառմանը ներկա ՄԱԿ անդամ երկրների և հասարակական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հարցերին։

Տպել էջը