ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումները Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում

18 հունիսի, 2019

Հունիսի 18-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը Աթենքում հանդիպեց Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքին (Terens-Nikolaos Quick):  

Ողջունելով միմյանց՝ զրուցակիցները բարձր գնահատեցին հայ-հունական քաղաքական երկխոսության մակարդակը՝ կարևորելով երկկողմ հարաբերությունների մյուս ոլորտներում ևս արդյունավետ համագործակցության ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը:

Կողմերն ընդգծեցին ս.թ. հունիսի 4-ին կայացած Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով առաջին եռակողմ նախարարական հանդիպման արդյունքները՝ նշելով, որ այն նոր՝ ավելի բարձր մակարդակի համագործակցության հնարավորություններ է ընձեռում մասնակից երկրների համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

Վահագն Մելիքյանը հանդիպեց նաև Հունաստանի ԱԳՆ անձնակազմի, վարչարարության կազմակերպման և ֆինանսական կառավարման գլխավոր տնօրինության ղեկավար, դեսպան Դիոնիսսիոս Զոիսի (Dyonissios Zois) հետ: Կողմերն անդրադարձան փորձի փոխանակման և արդյունավետ կառավարման բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերին:

Հունաստանի ԱԳՆ տնտեսական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար, դեսպան Կոնստանտինա Աթանասիադուի (Konstantina Athanasiadou) հետ Վահագն Մելիքյանի հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց գործնական քայլերով և կոնկրետ ծրագրերով նպաստել ոլորտային համագործակցության զարգացմանը:

Տպել էջը