Հայաստանը մասնակցեց Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը զինված հակամարտություններում խորագրով ՄԱԿ-ի ԱԽ հանդիպմանը

23 մայիսի, 2019

Մայիսի 23-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ «Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը զինված հակամարտություններում» թեմայով հանդիպումը, որին ելույթ ունեցավ ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Ռետնո Մարսուդիի նախագահությամբ տեղի ունեցած քննարկմանը մասնակցեցին շուրջ 80 անդամ-երկրների պատվիրակություններ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերը հանդես եկան քաղաքացիական բնակչության, հատկապես՝ կանանց և երեխաների պաշտպանության հարցերի վերաբերյալ զեկույցով։

Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրեց Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը կանխարգելման և պաշտպանության օրակարգի խթանման գործում՝ առանձնացնելով միջազգային խաղաղապահ և մարդասիրական գործողություններում Հայաստանի մասնակցությունը։ Անդրադառնալով կայուն խաղաղության հաստատման հարցում կանանց դերակատարությանը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց Հայաստանի վարչապետի տիկնոջ ձեռնարկած՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, որպես խաղաղաշինության ոլորտում կանանց ներգրավվածության կարևոր օրինակ։

Արձագանքելով ավելի վաղ Ադրբեջանի ներկայացուցչի՝ Հայաստանի վերաբերյալ հնչեցրած խեղաթյուրումներին՝ Մհեր Մարգարյանը հիշատակեց 1994/95թթ. Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված հրադադարի համաձայնագրերին հետևելու կարևորությունը։ ՀՀ մշտական ներկայացուցիչն Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարումների դեպքերին՝ մասնավորապես 2016թ. ապրիլին ԼՂ դեմ իրականացված ռազմական լայնածավալ գործողությունների ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրագործած հանցագործություններին։ ՀՀ մշտական ներկայացուցիչը գոհունակություն հայտնեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին ՄԱԿ-ի և գլխավոր քարտուղարի շարունակական աջակցության համար։

Տպել էջը