ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 28-րդ նստաշրջանի ընթացքում

20 մայիսի, 2019

Մայիսի 20-ին Վիեննայում մեկնարկել են Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 28-րդ նստաշրջանի աշխատանքները, որին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի գլխավորությամբ։

Մայիսի 21-ին նստաշրջանի շրջանակներում կազմակերպված «Արդյունավետ, արդարացի, մարդասիրական և հաշվետու քրեական արդարադատության համակարգերի պատասխանատվությունը անհանդուրժողականության կամ որևէ տեսակի խտրականության հիմքով հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարելու գործում» խորագրով թեմատիկ քննարկման ընթացքում ելույթ ունեցավ դեսպան Պապիկյանը։ Իր ելույթում նա, մասնավորապես, անդրադարձավ այն վտանգներին, որ իրենցից ներկայացնում են անհանդուրժողականությունը և ատելության քարոզչությունը, ընդգծելով, որ լինելով ցեղասպանություն վերապրած ազգ, այդ հանցագործության դեմ պայքարը Հայաստանը հռչակել է իր արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը։ ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձավ այդ ոլորտում Հայաստանի նախաձեռնություններին ինչպես ՄԱԿ-ի շրջանակներում, այնպես էլ՝ դրանից դուրս։ Հատկապես, ընդգծվեց քաղաքական գործիչների և պետությունների ղեկավարների պատասխանատվությունը՝ զերծ մնալու ատելության քարոզչությունից, անհանդուրժողականության դրսևորումներից և նմանատիպ հանցագործությունների և դրանց կատարողների հերոսացումից։

Տեղեկանք. ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովը հաստատվել է 1992թ. ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի (ECOSOC) կողմից՝ Գլխավոր Ասամբլեայի առաջարկմամբ։ Հանձնաժողովը համակարգում է ՄԱԿ-ի աշխատանքը հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության բնագավոռւմ, ուսումնասիրում է կազմակերպության նորմերը և ստանդարտները այդ ոլորտում, ներառյալ՝ դրանց կիրառումն անդամ երկրների կողմից։ Հանձնաժողովը հանդիսանում է ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) կառավարող մարմին։

Տպել էջը