Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում Սոչիում

24 ապրիլի, 2019

Ապրիլի 24-ին Սոչիի Լազարևսկի շրջանի հայաբնակ Ալտմեց (Նոր Լույս) գյուղում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված կամար-հուշակոթողի մոտ տեղի ունեցավ պատարագ, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ:

Ելույթով հանդես եկան «Ռուսաստանի հայերի միության» Սոչի քաղաքի նախագահ Հմայակ Ուստյանը, Սոչիում ՀՀ հյուպատոս Տիգրան Սարգսյանը և Սոչիի եզդի համայնքի ներկայացուցիչներ:

Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Սոչիի հայ համայնքը գրեթե ամբողջությամբ ձևավորվել է ցեղասպանությունից մազապուրծ եղած բազմաթիվ հայ ընտանիքների վերաբնակեցման շնորհիվ և որ նրանց նախնիներն ամենաշատն են ականատես եղել և իրենց մաշկի վրա զգացել այդ արհավիրքը:

Այնուհետև միջոցառման ներկաները տեղի Սուրբ Նարեկ մատուռում մոմավառություն իրականացրին և աղոթեցին Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հոգիների հանգստության համար:

Տպել էջը