Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում

24 ապրիլի, 2019

Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ, Բաթումի Սուրբ Փրկիչ Հայ առաքելական եկեղեցում կատարվեց Սրբոց բարեխոսության կարգ՝ ՀԱԵ վիրահայոց թեմի՝ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ:

Այնուհետև, եկեղեցու բակում գտնվող Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կայացան ծաղիկների խոնարհման և մոմավառության արարողություններ՝ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության, ՀԱԵ վիրահայոց թեմի հովվության, համայնքային կառույցների, հայ համայնքի ներկայացուցիչների և հյուրերի մասնակցությամբ:

Կազմակերպվեց բացօթյա ցուցահանդես, որում ներկայացված էին դեպքերին ականատես գերմանացի հումանիստ Արմին Թ. Վեգների՝ Մեծ Եղեռնի դրվագները պատկերող լուսանկարները:

Ներկաների առջև ելույթներ ունեցան Տեր Արարատ քահանա Գումբալյանը և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, ով իր ելույթում մասնավորապես նշեց, որ 104 տարի առաջ ապրիլի 24-ին սկսվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, երբ Օսմանյան կայսրության երիտթուրքերի կառավարությունը սանձազերծեց կայսրության հայ բնակչության կոտորածներն ու տեղահանությունը իրենց պապենական քաղաքներից ու գյուղերից։ Նա ընդգծեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման կարևորությունը՝ մարդկությանը նոր աղետներից զերծ պահելու համար:

Նույն օրը Ալեքսանդր Մանթաշյանցի անվան կրթամշակությային և երիտասարդական կենտրոնում հայ համայնքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ կայացավ «Խոստում» ֆիլմի ցուցադրությունը:

Տպել էջը