Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

18 ապրիլի, 2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 17-ին  հանդիպում ունեցավ ֆրանսիահայ կազմակերպությունների ղեկավարների և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ունեցած հանդիպումները և դրանց արդյունքները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց ֆրանսիահայ համայնքի այն կարևոր դերակատարությունը, որ վերջինս ունի երկու երկրների, երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և երկկողմ օրակարգի առաջմղման գործում:

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին և առաջնահերթություններին: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանգամանալից ներկայացրեց կառավարության կողմից իրականացվող զարգացման ծրագիրը և բարեփոխումների օրակարգը, որի առանցքը նորարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծարար կրթության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանումն է։ Նախարար Մնացականյանի խոսքով՝ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը հիմնված են ընդգծված ինքնավստահության վրա, որի առանցքը հայ ժողովուրդն է՝ իր կարողություններով և վճռականությամբ:

Հանդիպմանը տեղի ունեցավ մտքերի արդյունավետ փոխանակում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի շուրջ:



Տպել էջը