ՀՀ դեսպանի հանդիպումը ԵԱՀ ՆՊ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ

17 ապրիլի, 2019

Ապրիլի 17-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպում ունեցավ ԵԱՀ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Քարիմ Դարվիշի (Karim Abdel Darvish) հետ։

Քարիմ Դարվիշը շնորհավորեց Կարեն Գրիգորյանին Եգիպտոսում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծեց Եգիպտոսի հայ համայնքի կարևոր դերը երկու բարեկամ երկրներն առավել ամուր կապելու գործում։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշեց նաև, որ անձնապես մեծ համակրանք ունի հայ ժողովրդի նկատմամբ և ծանոթ է նրա պատմությանը։ 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Գրիգորյանը նշեց, որ Եգիպտոսը և եգիպտացիները հայ ժողովրդի պատմության ամենացավալի ժամանակաշրջանում օգնության ձեռք են մեկնել հայերին, հյուրընկալելով Ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայերի և Հայաստանը դա երբեք չի մոռանում։ Նա հավելեց, որ Եգիպտոսում հայերը մշտապես իրենց դրսևորել են որպես օրինպաշտ քաղաքացիներ` մեծ ներդրում ունենալով Եգիպտոսի հասարակական և մշակութային կյանքում։

Անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության խորացմանը, դեսպան Գրիգորյանն ու Քարիմ Դարվիշին երկուստեք կարևորեցին համապատասխան բարեկամության խմբերի սերտ աշխատանքների իրականացումը։

Տպել էջը