Դեսպան Աշոտ Սմբատյանի մասնակցությունը գերմանական Ռոզա Լյուքսեմբուրգ հիմնադրամի գիտաժողովին

13 ապրիլի, 2019

Ապրիլի 13-ին գերմանական «Ռոզա Լյուքսեմբուրգ» հիմնադրամը կազմակերպել էր մեկօրյա համաժողով՝ «Մերժման և ճանաչման միջև. Հայոց ցեղասպանությունը պատմաքաղաքական բանավեճերի և հիշողության մշակույթի դիսկուրսում Գերմանիայում. անցյալը և ներկան» խորագրով:

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան հիմնադրամի գործադիր տնօրեն դր. Ֆլորիան Վայսը (Florian Weis), ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուն (Petra Pau) և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Իր խոսքում անդրադառնալով Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը` դեսպանը, մասնավորապես, նշեց. «Հիշողությամբ մենք չենք ցանկանում մեղադրյալի աթոռին գամել ցեղասպանություն իրականացրածների սերունդներին` որպես այդ հանցագործության մեղսակից։ Սակայն մերժողական կեցվածքը և չդատապարտումը ենթադրում են, որ սերունդները շարունակում են կրել իրենց անցյալի հետ չառերեսվելու քաղաքականության ծանր բեռը»։

Միջոցառման պատվավոր հյուրերից էր ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ով իր ելույթում ընդգծեց, որ Ցեղասպանության հերքումը ոչ միայն քաջալերում է այլ ցեղասպանությունների իրագործումը, այլև չի նպաստում նման ոճրագործությունների կանխարգելմանը՝ առիթ հանդիսանալով ատելության խոսքի սփռման համար։

Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ գիտական, բուհական շրջանակների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ։

Տպել էջը