ԱԳ նախարարի տեղակալը Բրյուսելում մասնակցեց Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հերթական հանդիպմանը

11 ապրիլի, 2019

Ապրիլիի 11-ին Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության, ԵՄ անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչներ: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

Հանդիպումը կայացավ ԱլԳ 10-ամյակի տոնակատարմանը նվիրված, մայիսին անցկացվելիք նախարարական հանդիպման և բարձր մակարդակի համաժողովի նախօրեին, հետևաբար քննարկման էին ներկայացված նշված երկու միջոցառումների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև «20 արդյունք մինչև 2020 թվականը» փաստաթղթի կատարողականը և ԱլԳ զարգացման օրակարգը՝ 2020 թվականից անդին։

ԱլԳ 10-ամյակի առնչությամբ նախարարի տեղակալն արձանագրեց, որ այս տասնամյա հոբելյանն առաջին հերթին պետք է ծառայի որպես գրանցված ձեռքբերումների, առկա մարտահրավերների և գործընկերության զարգացման հեռանկարների գնահատման, այլ ոչ թե քաղաքական զգայունություն ունեցող հարցերի շուրջ բանավիճելու հերթական հարթակ։ Հետևաբար մենք լիահույս ենք, որ ԱլԳ նախարարական հանդիպման և բարձր մակարդակի համաժողովի ընթացքում ծավալվելիք քննարկումները չեն շեղվի այս միջոցառումների տոնակատարային բնույթից։

Նախարարի տեղակալ Ադոնցը խոսեց նաև ԱլԳ ձեռքբերումների մասին, որոնց շարքում են ԵՄ և արևելյան գործընկերների միջև կնքված կարևոր համաձայնագրերը։ Ի մասնավորի՝ նա անդրադարձավ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և հայտնեց այս փաստաթղթի կիրարկման, վավերացման և ճանապարհային քարտեզի նախագծի վերջնականացման ներկա փուլի մասին։ Նա շեշտեց, որ Հայաստանի կառավարությունը ցուցաբերել է հանձնառություն և քաղաքական կամք՝ ապահովելու ՀԸԳՀ արդյունավետ կիրարկումը, ինչը կառավարության բարեփոխումների օրակարգին նպաստող կարևոր գործոն է։ Նա նաև ընդգծեց ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։

Պարոն Ադոնցը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է 20 արդյունք մինչև 2020 թվականը փաստաթղթի կայուն իրականացմանը և դրա արդյունքների արդյունավետ ապահովմանը։ Նա վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու ԱլԳ 10-ամյակի տոնակատարմանը։

Տարածաշրջանային կայունության և անվտանգության առնչությամբ ԱԳ նախարարի տեղակալն ասաց, որ խաղաղության գործընթացի ներկա փուլում Հայաստանն առավել քան երբևէ ակնկալում է կշռադատված և հավասարակշռված դիրքորոշում։ Նա հավելեց, որ մենք լիովին հավատացած ենք, որ ԵՄ շարունակաբար աջակից կլինի խաղաղության գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, և որ մենք բարձր ենք գնահատում այդ դիրքորոշումը, քանզի կասկածից վեր է, որ ցանկացած շեղում այս չեզոք և անաչառ դիրքորոշումից և ձևակերպումներից, հատկապես կարգավորման գործընթացի այս նուրբ փուլում կարող է լրջորեն սպառնալ ոչ միայն բանակցություններին, այլ նաև տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը։

Տպել էջը