Դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

24 մարտի, 2019

Մարտի 24-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպում ունեցավ Ավստրիայում Հայ առաքելական եկեղեցական վարչության, համայնքի անդամների, հայկական միությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Հանդիպման սկզբում Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս Քահանա Իսախանյանը և համայնքի վարչության նախագահ Վահագն Ամիրջանյանը ողջունեցին դեսպանին՝ հայ համայնքի անունից մաղթելով նրան հաջողություններ իր առաքելությունում։

Դեսպան Պապիկյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց Ավստրիայի հայկական միությունների և հայ համայնքի դերը հայ ինքնության պահպանման գործում։ Նա կարևորեց դեսպանության և հայ համայնքի միջև համագործակցության շարունակականության ապահովումը՝ կոչ անելով համայնքին ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի հետ գործարար, կրթամշակութային կապերի ամրապնդմանը։ Դեսպանն առանձնահատուկ կարևորեց ավստրիահայ երիտասարդների կողմից հայանպաստ գործունեության ծավալումը՝ հայտնելով դեսպանության պատրաստակամությունն աջակցելու նրանց ծրագրերին։

Դեսպանը նաև պատասխանեց հայ համայնքի ներկայացուցիչներին հետաքրքող բազմաթիվ հարցերին, անդրադարձավ հայ-ավստրիական հարաբերություններին, Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններին։

Նույն օրը դեսպան Պապիկյանը մասնակցեց Ավստրիայի «Արարատ» հայկական մարզական միության կողմից կազմակերպված գարնանային մարզական 3-րդ մրցաշարի բացմանը։ ՀՀ դեսպանը ողջունեց մրցաշարի մասնակիցներին՝ մաղթելով հաջողություններ և նոր հաղթանակներ։

Տպել էջը