Գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի աշխատանքային այցը Ֆրեզնո

20 մարտի, 2019

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել էր Ֆրեզնո: Ֆրեզնոյում Կալիֆորնիայի համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոյի ուղեկցությամբ գլխավոր հյուպատոսն այցելել և ծաղիկներ է խոնարհել համալսարանի բակում տեղակայված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին::

Այնուհետև դոկտ. Բայբուրդյանը և դոկտ. Կաստրոն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանի բուհերի և Ֆրեզնոյում Կալիֆորնիայի համալսարանի միջև գործակցության ծրագրեր՝ կենտրոնանալով երեք ուղղությունների վրա՝ հայագիտության, ճարտարագիտության և գյուղատնտեսության:

Գլխավոր հյուպատոսը նաև մասնակցել է Ֆրեզնոյի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի ավարտական միջոցառմանը, որին հրավիրված էր՝ իբրև գլխավոր բանախոս:

Աշխատանքային այցի ընթացքում դեսպան Բայբուրդյանը հանդիպում է ունեցել նաև Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրենդի հետ: Գլխավոր հյուպատոսը կարևորել է Ֆրեզնոյի հետ հարաբերությունների սերտացումը՝ շեշտելով, որ ԱՄՆ արևմտյան ափում ամերիկահայ համայնքի արմատները գտնվում են հենց Ֆրեզնոյում: Արմեն Բայբուրդյանը փաստել է նաև, որ Հայաստանը կարևորում է գյուղատնտեսական տեխնոլոգիաների զարգացումը, և այդ առումով, Ֆրեզնոյի հետ փորձի փոխանակման մեծ դաշտ կա: Այդ իմաստով գյուղատնտեսությունը գործակցության առաջնային ուղղություններից մեկը կարող է դառնալ, շեշտել է գլխավոր հյուպատոսը: Զրուցակիցները կարևորել են նաև Ֆրեզնո-Էջմիածին քույր-քաղաքների ծրագրի ակտիվացումը:

Գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը հանդիպում է ունեցել նաև Ֆրեզնոյի մարզի տնտեսական զարգացման կորպորացիայի նախագահ Լի Էն Իգերի հետ: Նրանք քննարկել են տնտեսական գործակցության հեռանկարները: Լի Էն Իգերը սիրով ընդունել է Արմեն Բայբուրդյանի՝ Հայաստան այցելելու հրավերը՝ տնտեսական գործակցության ծրագրերին գործնական բնույթ հաղորդելու համար:

Ֆրեզնո կատարած այցի ընթացքում դեսպան Բայբուրդյանը մասնակցել է նաև համայնքային պաշտոնական ընդունելությանը, որը գլխավոր հյուպատոսի պատվին կազմակերպել էր Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը:

Տպել էջը