ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի և Հունաստանի ԱԳՆ տնտեսական հարցերով գլխավոր քարտուղարի հանդիպումը

18 մարտի, 2019

Մարտի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հանդիպեց Հունաստանի ԱԳՆ տնտեսական հարցերով գլխավոր քարտուղար Իոանիս Բրախոսի (Ioannis Brachos) հետ:

Ողջունելով հյուրին՝ Վ․Մելիքյանը նշեց, որ երկու երկրների միջև ավանդական բարեկամության վրա հիմնված հարաբերությունները պայմանավորված են հազարամյակներից եկող բազմաթիվ պատմական և մշակութային կապերով, և որ Հայաստանը կարևորում է դարավոր բարեկամ Հունաստանի հետ հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը:

Հունաստանի ԱԳՆ գխավոր քարտուղարն ընդգծեց, որ իր երկիրը բարձր է գնահատում փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-հունական միջպետական փոխհարաբերությունները, հավելելով, որ Հունաստանում ամենաջերմ զգացումներն ունեն Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ու ցանկանում են հնարավորինս զարգացնել համակողմանի փոխգործակցությունը։

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին անցյալ տարիներին երկկողմ հարաբերություններում արձանագրված առաջընթացի կապակցությամբ՝ ընդգծելով բարձրաստիճան փոխայցելությունների, ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպումների և ԱԳՆ-երի միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների պարբերականությունը:

Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարը ներկայացրեց մարտի 18-20-ը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ Երևանում կայանալիք Հայ-հունական գործարար համաժողովի մանրամասները և կարևորեց մինչև տարեվերջ Երևանում երկու երկրների միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն առաջարկեց գործնական քայլեր ձեռնարկել երկկողմ տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ՝ միմյանց ներկայացնելով կոնկրետ առաջարկություններ և փոխշահավետ ներդրումային ծրագրեր:

Կողմերը կարևորեցին երկկողմ ոլորտային համագործակցությունը՝ իրատեսական համարելով համագործակցությունը էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում:

Գլխավոր քարտուղարներն անդրադարձան Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը, բազմակողմ հարթակներում համագործակցության առավել սերտացմանը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։

 

Տպել էջը