Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Գիտության և տեխնոլոգիայի հիմնադրամի և Ինդոնեզիայի Ստեղծագործ տնտեսության գործակալության միջև

15 մարտի, 2019

Մարտի 15-ին, ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Ջակարտայում ստորագրվեց «Հայաստանի Գիտության և տեխնոլոգիայի հիմնադրամի (FAST) և Ինդոնեզիայի Ստեղծագործ տնտեսության գործակալության (BeKraf) միջև ստեղծագործ արտադրությունների ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր (Memorandum of Understanding between the Foundation for Armenian Science and Technology and Indonesian Agency for Creative Economy on Cooperation in the Field of Creative Industries): Հուշագիրը ստորագրեցին «ՖԱՍՏ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանն ու «ԲեԿրաֆ» գործակալության փոխնախագահ Սուլիստիանտին (Sulistianti): Փոխըմբռնման հուշագրով սահմանվում են երկու հաստատությունների միջև համագործակցության շրջանակները, և պատրաստակամություն արտահայտվում համատեղ ծրագրեր ու նախագծեր իրականացնել ՝ այդ թվում արհեստական բանականության, վիրտուալ իրականության, ռոբոտատեխնիկայի և այլ ցուցչային տեխնոլոգիաների գործիքների կիրառմամբ:

Նույն օրը հանդիպում - քննարկում կայացավ նաև Ինդոնեզիայի հետազոտությունների, տեխնոլոգիայի և բարձրագույն կրթության նախարարության գլխավոր տնօրեն Պատդոնո Սուվինյոյի (Patdono Suwignjo) հետ: Քննարկմանը մասնակցեցին նաև մոտ 15 համալսարաններ ու գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ: Պարոն Օրուջյանը ներկայացրեց «ՖԱՍՏ» հիմնադրամի գործունեությունը և ինդոնեզական կողմի հետ համագործակցության եզրերը: Քննարկում անցկացվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի և գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցության նախագծերի, ուսանողների ու հետազոտողների փոխայցելությունների շուրջ:

Տպել էջը