Հայաստանի նախաձեռնությամբ Ռոտերդամում կայացավ Ֆրանկոֆոնիային նվիրված ընդունելություն

15 մարտի, 2019

Մարտի 15-ին Ռոտերդամի Maison d’Armeni նորաձևության սրահում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն, որին ներկա էին Ռոտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբը (Ahmed Aboutaleb), Հաագայում հավատարմագրված Ֆրակոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ երկրների դեսպաններ, Նիդերլանդների ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Նիդերլանդների քաղաքական, տնտեսական և մշակութային շրջանակների, հոլանդահայ համայնքի ֆրանսախոս ներկայացուցիչներ։

Ողջունելով հյուրերին Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը նշեց, որ մեծ պատիվ է Ռոտերդամի սրտում գտնվող հայկական նորաձևության տանը հյուրընկալել բազմազանության, մարդու իրավունքների պաշտպանության, հանդուրժողականության, հավասարության, ժողովրդավարության արժեքների վրա հիմնված Ֆրանկոֆոնիայի գաղափարախոսությանը հավատարիմ հանրության ներկայացուցիչներին։ Իր խոսքում Տիգրան Բալայանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի արդյունքները, «Ապրել միասին» կոչի նպատակները՝ վստահեցնելով, որ որպես ՖՄԿ նախագահող երկիր, Հայաստանը շարունակելու է իր նպաստը բերել կազմակերպության դերակատարության ամրապնդմանն ու հեղինակության բարձրացմանը։

Դիմելով ներկաներին, Ռոտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբը շնորհակալություն հայտնեց իր ղեկավարած բազմամշակույթ քաղաքում ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում կազմակերպելու համար։ Քաղաքապետը շնորհավորեց Հայաստանին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը փայլուն կերպով անցկացնելու և կառույցի նախագահությունը ստանձնելու համար, վստահություն հայտնելով, որ ֆրանկոֆոնիան կշարունակի իր կարևոր առաքելությունը։

Ելույթներից հետո Նիդերլանդներում ֆրանկոֆոնիայի մեկամսյակի խորագրի՝ «Ֆրանկոֆոնիան պատասխանատու նորաձևության կողմնակից» ներքո Just Black և Maison d’Armeni նորաձևության տները ներկայացրեցին իրենց վերջին հավաքածուները, ֆրանսերեն երգերի կատարումներով հանդես եկավ հոլանդաբնակ երգչուհի Գլենդա Ռոլլեն (Glenda Rolle)։

Այնուհետև տեղի ունեցավ հյուրասիրություն, որին ներկաներին մատուցվեցին հայկական ուտեստներ և խմիչք։

Տպել էջը