Դեսպան Ռաիսա Վարդանյանի մասնակցությունը կանանց միջազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը

02 մարտի, 2019

Մարտի 2-ին ՎՍՀ Վին Ֆուկ նահանգում Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը մասնակցեց ՎՍՀ Ազգային ժողովի նախագահ Ն.Գ. տիկին Նգույեն Թհի Կիմ Նգանի (Nguyễn Thị Kim Ngân) գլխավորությամբ ՎՍՀ բարձրաստիճան ղեկավար կանանց և դիվանագիտական կորպուսի կին դեսպանների հանդիպմանը՝ կանանց միջազգային տոնի առթիվ: Միջոցառմանը ՎՍՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անունից շնորհավորական ուղերձով հանդես եկավ դեսպան Վարդանյանը:

ՀՀ դեսպանն առանձին հանդիպում ունեցավ ՎՍՀ Ազգային ժողովի նախագահի և ՎՍՀ փոխվարչապետ Չին Զին Զունգի հետ (Trinh Dinh Dung): ՎՍՀ ԱԺ նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով ՎՍՀ ԱԺ նախագահի Հայաստան կատարելիք այցի հետ կապված հարցեր: Ազգային ժողովի նախագահը հայտնեց, որ Հայաստան այցն իր օտարերկրյա այցելությունների օրակարգում է և այցի ժամկետներն առաջիկայում կհստակեցվեն: Քննարկվեցին նաև ՀՀ և ՎՍՀ Ազգային ժողովներում պատգամավորական բարեկամության խմբերի աշխատանքների վերաբերյալ հարցեր:

ՎՍՀ փոխվարչապետի հետ առանձնազրույցի ընթացքում կողմերը քննարկեցին Վիետնամի և Հայաստանի միջև փոխադարձ ներդրումային ծրագրերի իրականացման, երկկողմ առևտրի զարգացման և երկկողմ բարձրաստիճան պատվիրակությունների փոխանակմանը վերաբերող հարցեր։

Տպել էջը