Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի ներկայացուցչի ելույթը

28 փետրվարի, 2019

Փետրվարի 28-ին Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 40-րդ նիստը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ Արմինե Պետրոսյանը հանդես եկավ ելույթով՝ արձագանքելով Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարություններին:

ՀՀ ներկայացուցիչն իր ելույթում նշեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարության դրդապատճառը թերարժեքության բարդույթն էր՝ համակցված իր երկիրը՝ որպես տարածաշրջանային ուժ ներկայացնելու համառ ցանկությամբ: Նշվեց, որ Թուրքիան հեռու է ժողովրդավարական սկզբունքներով կառավարվելուց և ամենավերջին երկիրն է աշխարհում, որ իրավասու է խոսել մարդու իրավունքների ոտնահարման մասին, քանզի հազարավոր լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպաններ և ակտիվիստներ, ակադեմիայի ներկայացուցիչներ և Թուրքիայի ներկայիս կառավարության ընդիմախոսներ գտնվում են բանտում կամ աքսորված են:

Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը՝ շեշտվեց, որ եթե Ադրբեջանը անկեղծ է տարածաշրջանում ճշմարտություն և արդարություն հաստատելու իր նպատակներում, ապա սեփական կեղծված պատմությունը, այսպես կոչված` «Խոջալուի իրադարձությունները» ներկայացնելու փոխարեն, պետք է անդրադառնային Սումգայիթում հայերի կոտորածներին, որոնք ազդարարեցին Բաքվում, Գանձակում (Կիրովաբադ), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իրականացվող հայերի ջարդերի և էթնիկ զտումների սկիզբը: Սեփական ժողովրդի մոտ զոհի շինծու բարդույթի արհեստական ներդրումը լավագույն միջոցը չի ծառայում ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար:

Ելույթի ավարտին ընդգծվեց, որ ավանդական հակահայկական քարոզչություն իրականացնելու փոխարեն Ադրբեջանը պետք է ջանքեր չխնայի պահպանելու համընդհանուր մարդու իրավունքները, այդ թվում՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որի դեմ այն ուժով պայքարում է իր կազմավորման օրվանից ի վեր: Եզրափակելով իր խոսքը՝ Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը նախքան ամբիոնի մոտ մարդու իրավունքների մասին խոսելը, պետք է առնվազն նվազագույն ջանքեր գործադրեն՝ բարելավելու այդ ոլորտում իրենց մտահոգիչ պատկերը։

Տպել էջը