Դեսպան Բադալյանի հանդիպումը Թուրքմենստանի առողջապահության և բժշկական արդյունաբերության նախարարի հետ
27 փետրվարի, 2019Փետրվարի 27-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի առողջապահության և բժշկական արդյունաբերության նախարար Նուրմուհամմեդ Ամաննեպեսովի (Nurmuhammet Amannepesow) հետ:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ընթացիկ տարվա կեսերին Աշխաբադում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգի՝ առողջապահությանը վերաբերող դրույթներին: Կողմերը քննարկեցին բուժական տուրիզմին, երկու երկրների բժշկական հաստատությունների միջև համագործակցությանը, Հայաստանի բժշկական համալսարանում թուրքմեն ուսանողների ներգրավման հնարավորություններին, Թուրքմենստանում հայկական արտադրության դեղամիջոցների գրանցմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Կարևորվեց Հայաստանում և Թուրքմենստանում կազմակերպվող բժշկական բարձր մակարդակի կոնֆերանսներին երկու երկրների պաշտոնյաների մասնակցությունը: ՀՀ դեսպանն ու թուրքմեն նախարարը դրական գնահատեցին ոլորտում առկա երկկողմ համագործակցության փորձը և պայմանավորվեցին հետագայում ևս շարունակել համատեղ աշխատանքն ինչպես ԱԳՆ խողովակներով, այնպես էլ՝ ուղղակիորեն: