Post Classical Ensemble-ի` 2020թ. գարնանը կայանալիք հայկական փառատոնի գալա համերգը ՀՀ դեսպանությունում

19 փետրվարի, 2019

Փետրվարի 19-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց գալա համերգ` նվիրված հայ արվեստի ու երաժշտության հարստությանն ու բազմազանությանը, որով ազդարարվեց Post Classical Ensemble-ի 2020թ. հայկական փառատոնի մեկնարկը: Երեկոյին ներկա էին գալիք փառատոնի գործադիր կոմիտեի անդամները, հովանավորներն ու աջակիցները: Համերգի ընթացքում ելույթ ունեցավ աշխարհահռչակ հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը` նվագակցությամբ Post Classical Ensemble-ի կոնցերտմայստեր Նաթանել Դրայբլաթի, ովքեր հյուրերի համար կատարեցին Բախի, Լիգետիի, Խուդոյանի, Կոդալիի ու այլոց ստեղծագործություններ:

Իր ելույթում դեսպան Վարուժան Ներսեսյանը խոսեց մշակութային դիվանագիտության կարևորության, պատմության ընթացքում մշակույթների սինթեզի ու խաչաձևման և մշակութային կապերի խթանման անհրաժեշտության մասին: Ավելի ուշ Post Classical Ensemble-ի գործադիր տնօրեն Ջոզեֆ Հորովիցը ներկայացրեց հայկական փառատոնի ամփոփ նկարագիրը:

Տեղեկանք. 2020թ. նախատեսված «Նռան գույնը. հայկական ոդիսական» փառատոնը, որի համանախագահներն են ամերիկահայ բարերարներ Ասո Դավիդյանն ու Նուբար Աֆեյանը, ընդգրկելու է մի շարք միջոցառումներ, այդ թվում` ԱՄՆ ազգային պատկերասրահում կայանալիք հայկական ֆիլմերի փառատոնն ու Վաշինգտոնի ազգային տաճարում տեղի ունենալիք աննախադեպ համերգը` մասնակցությամբ Վաշինգտոնի ազգային տաճարի ռեզիդենտ նվագախումբ հանդիսացող Post Classical Ensemble-ի, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի ու նկարիչ Գևորգ Մուրադի: Բացի այդ, Վաշինգտոնում ու Նյու Յորքում նախատեսվում են մի շարք այլ միջոցառումներ, որոնք կոչված են բացահայտելու հայկական մշակութային հարուստ ժառանգությունն ու ավանդույթները: Մշակութային այս ձեռնարկը կդառնա վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ում հայ մշակույթին նվիրված երրորդ խոշորագույն իրադարձությունը` «Սմիթսոնիան» հաստատության «Ֆոլքլայֆ» փառատոնից ու «Մետրոպոլիտան» թանգարանի «Հայաստան» ցուցադրությունից հետո:

Տպել էջը