ՀՀ դեսպանի և Լիտվայի մշակույթի նախարարի հանդիպումը

12 փետրվարի, 2019

Փետրվարի 12-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիտվայի մշակույթի նախարար Մինդաուգաս Կվիետկաուսկասի (Mindaugas Kvietkauskas) հետ:

Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը նախարար Կվիետկաուսկասին հաջողություն և արդյունավետ գործունեություն մաղթեց՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ ՀՀ դեսպանության և Լիտվայի մշակույթի նախարարության միջև ձևավորված սերտ համագործակցությունը կպահպանվի և կընդգրկի փոխգործակցության նոր ոլորտներ։

Նախարար Մինդաուգաս Կվիետկաուսկասն նշեց, որ ուշադրությամբ հետևում և ողջունում է դեսպանության ակտիվ մշակութային գործունեությունը՝ առանձնահատուկ ընդգծելով վերջերս Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Գյուրջիև» համույթի՝ Լիտվայում տեղի ունեցած համերգները, որոնք մեծ արձագանք ստացան երկրում։

Դեսպան Մկրտչյանը զրուցակցին ներկայացրեց դեսպանության առաջիկա ծրագրերը և նախաձեռնությունները, մասնավորապես՝ գրատպության, ցուցահանդեսների, տարբեր համերգների և մշակութային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։ Դեսպանն առանձնացրեց Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակները, որոնք ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում, ներկայացրեց դրանց համատեքստում նախատեսված մի շարջ միջոցառումներ։

Նախարար Կվիետկաուսկասն իր պատրաստակամությունն արտահայտեց հնարավորության սահմաններում աջակցելու դեսպանության նախաձեռնություններին։

Տպել էջը